ՀՀ ոստիկանությունը նախօրեին ուշ երեկոյան ձերբակալել է Դարբաս գյուղի 34-ամյա բնակիչ Մարտուն Աբրահամյանին, ով կասկածվում է սեփական կնոջ և հոր սպանության մեջ, տեղեկացվում է ոստիկանության օպերատիվ ամփոփագրում:
Ամփոփագրի համաձայն՝ չորեքշաբթի ժամը 07:40-ի սահմաններում 34-ամյա Մարտուն Աբրահամյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը գրպանի դանակով սպանել էր 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև, նույն հասցեում գտնվող տնակում նույն դանակով հարվածներ էր հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը Վանաձորի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
«Կասկածյալ Աբրահամյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.30-ին, Դարբաս գյուղից Մարտուն Աբրահամյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին:
Մարտուն Աբրահամյանը կալանավորված է», - նշվում է ամփոփագրում:
Նախաքննությունը շարունակվում է:-0-