Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության 12-րդ նիստի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում ամրագրված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ղարաբաղյան հարցի լուծումը շաղկապելու փորձերում Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը, հայտարարել է հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հռչակագիրն ընդունվել է հինգշաբթի Երևանում հանձնաժողովի երկօրյա նիստի արդյունքում:
«Թուրքիան իր նախապայմաններով շարունակում է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը, նա համառորեն կապում է այս գործընթացը ղարաբաղյան հակամարտության լուծման հետ», -հինգշաբթի նիստի ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Զոհրաբյանը նաև ընդգծեց, որ այս երկու գործընթացների միջև «երբեք փոխկապակացվածություն չի եղել և չի լինի»:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008 թ.-ի աշնանը: 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման մասին հրամանագիր ստորագրեց՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը:
2011 թ.-ի օգոստոսին Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն՝ արձանագրություններն ավտոմատ կերպով հանվել էին օրակարգից, քանի որ չեն քննարկվել մեկ գումարման ընթացքում: Հոկտեմբերին Թուրքիայի վարչապետը վերադարձրեց փաստաթղթերը խորհրդարանի օրակարգ, սակայն նրանց վավերացման ժամկետները դեռևս որոշված չեն:-0-