ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից արված հայտարարությունն ավելի շուտ ԱՄՆ-ի պարզ ցանկությունն է արտահայտում, քան պետության դիրքորոշումը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ռազմական փորձագետ, Կովկասի Ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:
Նախօրեին ամերիկա-թուրքական խորհրդի համաժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հուսով է, որ թուրքական խորհրդարանը պաշտոնապես կվավերացնի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները:
«ԱՄՆ-ն հզոր պետություն է, որը փաստացի ազդեցություն ունի միջազգային ասպարեզում, բայց ես կասկածում եմ, որ նա կարող է ճնշում գործել Թուրքիայի վրա և ստիպել նրան վավերացնել արձանագրությունները»,- նշեց Մինասյանը:
Միաժամանակ փորձագետն ասաց, որ նման հայտարարությամբ ԱՄՆ-ն հերթական անգամ հիշեցնում է միջազգային հանրությանը, որ հայ-թուրքական հարաբերություննեը մնում են նրանց սևեռուն ուշադրության կենտրոնում:
«Տվյալ պահին արձանագրությունների վավերացման հավանականությունները քիչ են, բայց եթե մի քանի տարի անց Հայաստանը որոշի համագործակցել Թուրքիայի հետ, ապա դա պետք է անցնի միայն արձանագրությունների շրջանակներում»,- ավելացրեց Մինասյանը:
Նա ընդգծեց, որ արձանագրությունների ձևաչափը լավագույնն է հայ-թուրքական համագործակցության համար, «որտեղ անդրադարձ չի կատարվում ղարաբաղյան հակամարտության հարցին և այդ գործընթացում Ադրբեջանի միջամտությանը»:
Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:
Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:
Օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները, կանոնակարգի համաձայն, դուրս են բերվել թուրքական խորհրդարանից, քանի որ չեն դիտարկվել մի գումարման ընթացքում: Սակայն վերջերս Թուրքիայի վարչապետը դրանք նորից խորհրդարանի օրակարգում է ընդգրկել: --0--