Հայկական ԶԼՄ-ները հայտնում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին: Ըստ տարածված լուրերի՝ նրան այդ պաշտոնում կփոխարինի Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով հեռացվել էր քաղաքապետի պաշտոնից 2010 թ.-ի դեկտեմբերի 8-ին ՀՀ նախագահի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը դեռևս չի հաստատում այս տեղեկատվությունը:
Հայաստանում վերջին օրերին կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Նախօրեին իր հրաժարականի մասին է հայտարարել ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կգլխավորի ՀՀԿ-ի նախընտրական շտաբը:
Երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ նրա տեղը նշանակելով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին:
Բացի այդ, հոկտեմբերի 28-ին զբաղեցրած պաշտոնից հեռացավ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Քաղաքապետի պաշտոնին ՀՀԿ-ն առաջարկել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ով 2007 թ.-ին մահացած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:-0-