ՀՀ նախագահին առընթեր նոր խորհրդակցական մարմնի ստեղծումը, որը կհամախմբի երկրում գործող քաղաքական ուժերին, կօգնի լուծել պետության հիմնական խնդիրները, կարծում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Անհրաժեշտ է ստեղծել նոր կառույց՝ բոլոր քաղաքական ուժերի յուրօրինակ դաշինք, որը հանրապետության նախագահին առընթեր ռազմավարական, հակաճգնաժամային խորհուրդ կլինի»,- ասել է Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի՝ դաշինքը թույլ կտա լուծել երեք հիմնական խնդիրները, որոնք խանգարում են պետության զարգացմանը՝ «ստվերային տնտեսությունը, մենաշնորհը և օլիգարխիան»:
«Երկրում քաղաքական իրավիճակի լարվածությունը կպահպանվի և կավելանա մինչև խորհրդարանական և նախագահական ընտրությունները, քանի որ այդ ժամանակահատվածում չի հաջողվել վերջնական ռազմավարություն մշակել և թիմ կազմել, որը կկարողանար պետության ներսում լուծել հիմնական խնդիրները»,- նշել է Սարգսյանը:
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր հերթին ասել է, որ երկրի քաղաքական ասպարեզում տիրող իրավիճակը բավական կայուն է, և բոլոր քաղաքական ուժերը պատրաստ են առաջիկա ընտրություններին:
Միաժամանակ նա դրական է վերաբերվել նման կառույցի ստեղծման գաղափարին:
«Հանրապետության ղեկավարը բազմիցս նման միջոցներ է ձեռնարկել՝ կենսական խնդիրների լուծման համար, և այն դեպքում, եթե ՀԴԿ-ն դաշինքի ձևավորման հստակ ծրագիր և տվյալ կառույցի աշխատանքների ռազմավարություն ներկայացնի, անշուշտ, առաջարկը կքննարկվի և նույնիսկ հնարավոր է՝ հաստատվի»,-նշել է պատգամավորը: -0-