ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը՝ թե ՀՀԿ-ի հետ չհամագործակցող քաղաքական ուժերը կարող են «կոտրված տաշտակի» առաջ հայտնվել, վիրավորական չեն:
Հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ այսօր ՀՀԿ-ն երկրի ամենահզոր քաղաքական ուժն է և մտադիր է ոչ միայն պահպանել, այլ նաև հետագայում ամրապնդել իր դիրքերը: Կառավարության ղեկավարն ընդգծել էր, որ այդ ազդակներն անհրաժեշտ է փոխանցել կոալիցիոն գործընկերներին, ինչպես նաև հանրությանը՝ ավելացնելով, որ «ով կհամագործակցի մեզ հետ, միայն կշահի, իսկ ով չի համագործակցի՝ կհայտնվի կոտրված տաշտակի առջև»:
«Ես չեմ կարծում, որ վարչապետը վիրավորել է ինչ-որ մեկին: Դա պարզապես որոշակի հարցեր բանավիճային դաշտ բերելու ևս մեկ փորձ է»,- ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է Սահակյանը:
Միաժամանակ նա ավելացրել է, որ ՀՀԿ քաղաքական սկզբունքը համագործակցությունն ու միացյալ ուժերով խնդրի լուծումն է:
«Ցանկացած ընտրություններից հետո մենք փորձում ենք համախմբվել քաղաքական ուժերի հետ, որոնց ժողովուրդը բոլորից շատ է հավատացել և համատեղ ջանքերով լուծել խնդիրները»,- ասել է Սահակյանը:
Նա նշել է, որ ՀՀԿ-ի համար մրցունակ են բոլոր քաղաքական ուժերը, և իշխող կուսակցության արժեհամակարգում ինչ-որ ուժի նվաստացման կամ վեհացման պրակտիկա չկա:
Սահակյանն ավելացրել է, որ վարչապետի խոսքերը կուսակցության հայտարարությունը չէին, այլ պարզապես կարծիք, «որը ելնում է կուսակցության գաղափարախոսությունից»:
«Կուսակցության պաշտոնական դիրքորոշումը հիմնականում արտահայտում է տվյալ կուսակցության նախագահը (ՀՀԿ-ն գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը) և նրա տեղակալները: Բոլոր մնացած դեպքերում Գործադիր մարմնի կամ ՀՀԿ Խորհրդի անդամները կարող են մեկնաբանություններով հանդես գալ այդ շրջանակներում»,- ասել է Սահակյանը:
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հերթին նշել է , որ վարչապետի խոսքերը «հիշեցնում են «Ով մեզ հետ չէ, նա մեզ դեմ է թեզը»:
«Դա հերթական, անթույլատրելի հայտարարությունն է»,- ասել է Սաֆարյանը:-0-