Հինգշաբթի Երևանում ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը քննարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը, հաղորդում է ԱԽ մամուլի ծառայությունը:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ 2010թ. ստորագրված «Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» պայմանագրով նախատեսված հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ընթացքը բնականոն հունով առաջ է գնում:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը գոհունակություն է հայտնել ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքի կապակցությամբ` ընդգծելով հայկական և ռուսական ռազմատեխնիկական ձեռնարկությունների փոխադարձ ինտեգրման հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Քննարկվել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում նորմատիվային բազաներում համապատասխան փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որը կնպաստի երկու երկրների ձեռնարկությունների միջև համագործակցության առավել դյուրինացմանը: Ի լրումն կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մի շարք նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը: -0-