Մոնրեալի քաղաքապետ Ժերար Տրամբլեն հեռանկարային է համարում Հայաստանում կրոնական զբոսաշրջության զարգացումը:
«Հայաստանը հսկայական մշակութային և պատմական ժառանգություն ունի, որը կարող է հետաքրքրել ողջ աշխարհի զբոսաշրջիկներին: Հատկապես արժեքավոր է կրոնական ժառանգությունը, որը գրավում է կրոնական զբոսաշրջության սիրահարներին»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին ասաց Տրամբլեն:
Նա տեղեկացրեց, որ վերջին անգամ մեկ տարի առաջ է եղել Հայաստանում՝ նշելով, որ այդ կարժ ժամանակահատվածում երկրում զգալի առաջխաղացում է նկատվում:
«Եթե մեկ տարվա ընթացքում ես չնկատեի ձեր երկրի հաջող փոփոխությունները, ես չէի կարողանա վստահությամբ ասել, որ Հայաստանը կրոնական զբոսաշրջության կենտրոն կդառնա: Այժմ ինձ համար ակնհայտ է, որ երկիրը բոլոր նախադրյալներն ունի այդ ոլորտի զարգացման համար»,- նշեց քաղաքապետը:
Խոսելով իր երևանցի գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին՝ Տրամբլեն նշեց, որ մի շարք հարցեր են քննարկվել, որոնք մասնավորապես կապված են քաղաքացիների իրավունքների պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության, թափոնների վերամշակման հետ:
«Մենք մեծ փորձ ունենք քննարկվող հարցերում և պատրաստ ենք այն կիսել հայ գործընկերների հետ, բացի այդ, քաղաքապետ Կարապետյանի հետ համաձայնության ենք եկել փորձի փոխանակման համար մասնագետների և փորձագետների երկկողմ այցելությունների վերաբերյալ»,- նշեց Մոնրեալի քաղաքապետը:
Ըստ նրա՝ հանդիպման ընթացքում Մոնրեալ այցելության համար հատուկ աշխատանքային պատվիրակությունների ստեղծման և կանադացի գործընկերների հետ փորձի փոխանակման մասին որոշում է կայացվել: -0-