ՀՀ կառավարության օգնությունը երկրաշարժից տուժած Թուրքիա հասցնող ինքնաթիռը կուղևորվի հոկտեմբերի 28-ին՝ կեսօրին մոտ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հոկտեմբերի 27-ին Հայաստանը Կարմիր Մահիկի և Եվրաատլանտյան բնական աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։ 40 տոննա քաշով հումանիտար օգնությունն իր մեջ ներառում է վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։
ԱԻՆ-ից նշեցին, որ թռիչքի ժամի և վայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ուրբաթ առավոտյան:
Կիրակի՝ հոկտեմբերի 23-ին, 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Նույն օր տեղի սեյսմոլոգները հայտնել են, որ զոհվածների թիվը կարող է հասնել 500-1000 մարդու: Երկրաշարժի գոտում շարունակվում են փրկարարական աշխատանքները, որոնք դժվարանում են տեղացող ձյան և անձրևի պատճառով: Տարածաշրջանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև կիրակի, հաղորդում են օդերևութաբանները:
Տեղի իշխանությունները տուժածներին հումանիտար օգնություն են ցուցաբերում, որը ստացվում է Թուրքիայի գրեթե բոլոր շրջաններից և արտերկրից: Տուժածներն ամենաշատը տաք հագուստի, վրանների, սննդի և խմելու ջրի կարիք ունեն:
Այժմ, Թուրքիայի ԱԳՆ-ի տվյալներով, տուժածներին օգնություն է ցուցաբերել 12 երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը:
Ըստ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տվյալների՝ հոկտեմբերի 27-ի ժամը 11.15-ի դրությամբ գրանցվել է 3-7 մագնիտուդով 739 հետցնցում: -0-