Հայաստանի կոալիցիոն ուժերի ներսում ընթացող քննարկումները հանգեցնում են բազմակարծության, և կոալիցիոն կուսակցությունների միջև գոյություն ունեցող լարվածության մասին խոսակցություններն արհեստական են, հայտարարել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Վերջերս Հայաստանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու մի շարք ԶԼՄ-ներ քննարկում են այն հարցը, թե կոալիցիայի ներսում լարվածություն կա՝ չբացառելով պառակտման հնարավորությունը:
«Իրականում, կոալիցիայի ներսում գոյություն ունեցող հարաբերությունները զարգանում են բնականոն հունով, երկրի խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ջանքեր են գործադրվում, և իհարկե այդ ջանքերի շրջանակներում կարող են անհամաձայնություններ, տարբեր մոտեցումներ լինել, ինչպես դա լինում է այլ երկրներում», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զաքարյանը:
Նա նաև հիշեցրեց, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած ուժերից ոչ մեկը դեռ չի հրաժարվել փաստաթղթում իր մասնակցությունից, և կոալիցիոն ուժերի համագործակցությունը, հաշվի առնելով կայանալիք նախագահական ընտրությունները, շարունակվում է:
Հայաստանի երեք կոալիցիոն կուսակցությունները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները, փետրվարի 17-ին քաղաքական կոալիցիայի հայտարարություն են ստորագրել, որի համաձայն՝ կուսակցությունները 2013թ.-ի ՀՀ նախագահական ընտրություններին կաջակցեն միասնական թեկնածուի՝ ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի:--0--