ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի ԱԽ-ն դժվար թե միջամտի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կարծում է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ Ադրբեջանը, որը ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ է ընտրվել, մտադիր է ԱԽ-ի մշտական անդամների հետ քննարկել հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, որպեսզի հետո այն ներկայացնի քննարկման ՄԱԿ-ի ԱԽ-ում:
«Եթե հաշվի առնենք ՄԱԿ-ի դիրքորոշումը հակամարտությունների հարցում, մասնավորապես՝ հարավ-կովկասյան տարածաշրջանում, ապա մտավախություն չպետք է լինի ՄԱԿ-ի ներգրավվածության և այն բանի կապակցությամբ, որ Անվտանգության խորհուրդը կարող է Հայաստանի համար անբարենպաստ բանաձև ընդունել», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զաքարյանը:
Նա ընդգծեց, որ նման գործողությունները կհակասեին ՄԱԿ-ի կանոնադրությանը, որն ամրագրում է ժողովուրդների հավասարությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ու ժողովուրդների իրավունքների նկատմամբ հարգանքը:
Քաղաքական գործիչը նաև հիշեցրեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երեք երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներ են, որի շրջանակներում էլ ընթանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
«Կարծում եմ, որ երկու տարին բավարար ժամկետ է, և Ադրբեջանն ինքը կապացուցի, որ պատասխանատու կարգավիճակները չի կարելի վստահել մի երկրի, որը հեռու է ժողովրդավարությունից և անվտանգության ու խաղաղության հաստատմանն ուղղված գործողությունների իրականացման հնարավորություններից, որի պետական քարոզն ուղղված է թշնամանքի և անհանդուրժողականության տարածմանը», - ընդգծեց պատգամավորը:
Նա չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե Հայաստանը ոչինչ չի արել՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի անդամակցությունը թույլ չտալու համար:
«Այս ամենի կապակցությամբ Հայաստանի դիվանագիտական հարթակում նոր հարցեր կառաջանան: Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, մենք արդեն ունենք կայացած դիվանագիտական կորպուս, և հայկական դիվանագիտությունն արդեն ճանաչելի է աշխարհում, կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք ինտենսիվ պաշտպանողական քաղաքականություն վարել ՄԱԿ-ի շրջանակներում հակահայկական քարոզի չեզոքացման ուղղությամբ», - ասաց Զաքարյանը:
Երկուշաբթի Ադրբեջանը երկու տարվա ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի ԱԽ-ում ներառված է ընդամենը 15 պետություն, որոնցից հինգը մշտական անդամներ են, որոնք իրավունք ունեն արգելափակել որևէ որոշման ընդունում: Այդ երկրներն են` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Մնացած երկրները թարմացվում են ռոտացիոն հիմքով՝ հինգական երկիր երկու տարին մեկ անգամ:-0-