Հինգշաբթի հայ խորհրդարանականները հարգել են 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանրապետության Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:
1999թ.-ի հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։ Ահաբեկիչների զոհերը դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիխ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:
Ազգային ժողովի այգում պատգամավորները ծաղկեպսակ են դրել ահաբեկչության զոհերի Հուշարձանին:
Ինչպես լրագրողներին հայտնեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ողբերգությունը դեռ պատմության մաս կամ պարզապես հիշողություն չի դարձել, և ամեն տարի մարդիկ, հատկապես նրանք, ովքեր իրադարձության ականատես են եղել, խորապես սգում են զոհվածների մահը:
«Դրանք երկրի համար շատ դժվար օրեր էին: Ես անձամբ ճանաչում էի բոլոր զոհվածներին և կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կյանքի կոչենք նրանց կողմից նշված երկրի զարգացման ուղին»,- ասաց նա:
Ըստ Սահակյանի՝ ցավալի է, որ շատերը փորձում են քաղաքականացնել այդ ողբերգությունը, սակայն չի կարելի չհամաձայնել, որ եթե այն չլիներ, ամբողջովին այլ պայմաններ կստեղծվեին և այսօրվա իրավիճակն առավել կայուն կլիներ:
«Ես հուսով եմ, որ ժամանակը կգա, երբ մենք կիմանանք, թե ովքեր էին այդ հանցագործության գլխավոր կազմակերպիչները»,- նշեց պատգամավորը:
Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական նիստի ժամանակ առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին, պետական և քաղաքական գործիչների, ովքեր մեծ ներդրում են կատարել մեր երկրի անկախության և պետականաության կայացման գործում, ազգային հերոսների և հայկական պետականության հետևորդների հիշատակին»,- ասաց նա:
Ահաբեկիչների դատը սկսվեց 2001թ.-ին և ավարտվեց 2003-ին: Մեղադրող կողմը պահանջում էր առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ.-ի սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան:
Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման:
Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում:
2004թ.-ին Վռամ Գալստյանն ինքնասպան է եղել իր բանտախցում, իսկ Համլետ Ստեփանյանը վաղաժամ մահացել է 2010թ.-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունում: -0-