ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանում Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովի բացման ժամանակ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ վեհաժողովին մասնակցում է 50 երկրների 200 քաղաքներից ավելի քան 350 պատվիրակ:
Երևանյան վեհաժողովի նպատակն է ամփոփել տարվա աշխատանքները և քննարկել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման, սահմանային համագործակցության և այլ խնդիրներ, որոնց վերաբերյալ ասոցիացիայի անդամները փորձելու են ձևավորել ընդհանուր մոտեցումներ:
Այս տարին Հայաստանի Հանրապետության համար հատկանշական է նրանով, որ նշվում են անկախության 20 և տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակը:
«Երևանի քաղաքապետի և երևանցիների անունից ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի մայրաքաղաքը մեծ նշանակություն է տալիս ասոցիացիային անդամակցությանը, քանի որ սա այն հարթակն է, ուր քաղաքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ անմիջական շփման միջոցով տեղի է ունենում փորձի և տեղեկատվության փոխանակում», - նշվում է տեղեկատվության մեջ:
«Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը` որպես եվրոպական համայնքների մեծ ընտանիքի մի մաս, մտադիր է ակտիվորեն աշխատել եվրոպական և միջազգային բոլոր գործընկերների հետ», - նշվում է քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգն ունի ձևավորված օրենսդրական դաշտ, զարգացման հստակ ուղղվածություն, ինստիտուցիոնալ կառույցներ, որոնց արդյունավետ գործունեությունը համակարգի ժողովրդավարական զարգացման երաշխիքն է:
Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիային Երևանն անդամակցում է 1998 թվականից, իսկ 2010 թ-ի հոկտեմբերին Լոզանում կայացած Ասոցիացիայի 30-րդ գլխավոր վեհաժողովի ժամանակ որոշում է ընդունվել 31-րդ վեհաժողովն անցկացնել Երևանում:-0-