Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հոկտեմբերի 28-ին կայանալիք իր կողմնակիցների հերթական հանրահավաքի ժամանակ կպատմի, թե ինչպես է պատրաստվում հասնել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 8-ին՝ ընդդիմության ութօրյա շուրջօրյա բողոքի ակցիաներից հետո հայտարարել է, որ ՀԱԿ-ի գլխավոր և միակ նշանաբանն այսուհետ դառնալու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:
«Կոնգրեսի հիմնական խնդիրն այսուհետ ժողովրդի և հասարակության համախմբումն է, Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ լայն քաղաքական ճակատի ստեղծումը, երկրի ներքին և արտաքին-քաղաքական մեկուսացումն ու երկրում այնպիսի վիճակի ստեղծումը, որը կստիպի Սարգսյանին հրաժարական տալ», - հայտարարել է Զուրաբյանը:
Միաժամանակ նա հրաժարվեց նշել, թե կոնկրետ ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ՀԱԿ-ը և ինչ է ենթադրում «ներքին և արտաքին-քաղաքական մեկուսացումը»՝ ավելացնելով, որ մանրամասները կներկայացվեն միայն հանրահավաքի ժամանակ:
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։
ՀԱԿ-ի առանցքային պահանջներն էին խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն հոկտեմբերի 8-ին շարժման առաջնորդը հայտարարեց, որ գլխավոր և հիմնական պահանջն այսուհետ լինելու է Սարգսյանի անհապաղ հրաժարականը:-0-