Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը բանակցությունների ընդմիջմանը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր և աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Նախագահ Գյուլը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխության համար:
Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Կիրակի Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան գավառում երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջին ցնցման մագնիտուդը մի քանի անգամ ճշտվել է, և ըստ վերջին տվյալների, 7-ից բարձր է եղել: 6,1 մագնիտուդով երկրորդ ցնցումը Թուրքիայի բնակիչները զգացել են ուշ երեկոյան: Ըստ իշխանությունների նախնական տվյալների, զոհվել է 264 մարդ, ընդ որում նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել: -0-