Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակն ուրբաթ ներկայացրել է ՀԲ ավագ տնտեսագետ Լարսա Սանդերգաարդի «Հմտություններ և ոչ միայն դիպլոմ» գիրքը:
Ինչպես միջոցառման ժամանակ հայտնել է ինքը հեղինակը, հրատարակության մեջ ներկայացված են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթական համակարգերի հետազոտությունները, ինչպես նաև՝ դրանց հնարավոր կատարելագործման այլընտրանքները:
«Սա մի աշխատանք է, որի հիմքում ընկած է Արևմտյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրների տասնյակ հազարավոր կազմակերպությունների փորձի հետազոտությունը, օգնում է հասկանալ, թե ինչպես է կարելի բարելավել այդ երկրների կրթական ոլորտը, որպեսզի լավ մասնագետներ ստանալ»,-ասել է Սանդերգաարդը:
Ըստ հեղինակի, շատ արդիական է Հայաստանի համար, որտեղ ավելի ու ավելի շատ գործատուներ են բողոքում իրենց աշխատակիցների հմտությունների պակասից:
«Լավ կրթությունը տնտեսության զարգացման և աճի գլխավոր պայմանն է: Ուսումնական հաստատությունները մարդկանց դիպլոմներ են տալիս, սակայն առավել բարդ է հասկանալ, արդյո՞ք տվյալ անձնավորությունն իր ուսուցման ժամանակահատվածում ձեռք է բերել անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները»,-նշել է Սանդերգաարդը:
Ըստ նրա, 20 տարի առաջ Հայաստանը և տարածաշրջանի մյուս երկրներն առանձնանում էին կրթության բարձր որակով և հասանելիությամբ, սակայն անցած տարիների ընթացքում իրավիճակը զգալիորեն վատացել է:
Հեղինակը կարծում է, որ օգտվելով գրքում շարադրված խորհուրդներից, կրթության նախարարությունները կարող են բարելավել կրթության մակարդակը՝ մեծ ուշադրություն դարձնելով սովորողների գիտելիքների գնահատականին և շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցերին, արդյունավետորեն ծախսելով սահմանափակ պաշարները՝ մասնավորապես կրթության ցածր որակ ապահովող և մեծ ծախսեր պահանջող փոքր գյուղական դպրոցներում:
Միջոցառման շրջանակներում նաև բանավեճեր են եղել ՀՀ կառավարության, բուհերի և դպրոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և դոնորների մասնակցությամբ: -0-