ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացվող Միջազգային եվրոպական շարժման (ՄԵՇ) կոնգրեսի մասնակիցներն ուրբաթ քննարկում են Երևանյան հռչակագիրը, որն ուղղորդող փաստաթուղթ կդառնա «Արևելյան գործընկերության» երկրների և Եվրամիության միջև ինտեգրման հարցում քաղաքացիական հասարակության դերի համատեքստում:
«Հռչակագիրը բաղկացած է երեք մասից. առաջինը վերաբերում է քաղաքացիական հասարակությանը ցուցաբերվող ԵՄ աջակցությանը, երկրորդը՝ ազգային բարեփոխումներին, երրորդը՝ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման միջոցով ազատ տեղաշարժվելու իրավունքի ազատականացմանը», - ասել է լրագրողներին Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը ՀՀ ԱԺ-ի միջանցքում:
Նա պարզաբանել է, որ փաստաթուղթը պատրաստ կլինի արդեն այսօր երեկոյան, փաստաթուղթը քննարկվել է նախօրեին՝ սեմինարի ժամանակ, երբ կոնգրեսի մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները:
Նախօրեին մեկնարկած երկօրյա կոնգրեսին մասնակցում է շուրջ 150 պետական, քաղաքական և հասարակական գործիչ Եվրոպայի տարբեր երկրներից:
Ենգիբարյանի խոսքերով՝ հետաքրքիր է հռչակագրի այն մասը, որտեղ մասնակիցներն առաջարկում են ԵՄ-ին աջակցել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական միավորումներին և այլ դե-ֆակտո պետություններին, և քանի որ այդ առաջարկին ոչ ոք դեմ չի եղել, «մենք կարծում ենք, որ այն կընդունվի»:
«Հռչակագրի վերջնական տարբերակի ընդունումից հետո այն կուղարկվի Եվրոպական շարժման ողջ կառույցին, որը ներառում է շուրջ 40 ազգային խորհուրդներ, այդ թվում նաև համաեվրոպական կուսակցություններ և տնտեսական ոլորտը ներկայացնող հեղինակավոր կազմակերպություններ, որոնք կքննարկեն փաստաթուղթն իրենց կառույցներում», - նշել է Ենգիբարյանը:
Նա նաև ընդգծել է, որ նման հռչակագրերը հետագայում բավականին լուրջ ազդեցություն են ունենում իրական քաղաքական գործընթացների վրա:
Միջազգային եվրոպական շարժան նախագահ Փեթ Քոքսն իր հերթին նշեց, որ կոնգրեսը հաջողությամբ է պսակվել, և ՄԵՇ-ը ցանկանում է աջակցել եվրոպական հայացքներ ունեցող ակտիվ երիտասարդների շարժման զարգացմանը:
«Հուսով ենք, որ առաջիկայում համագործակցություն կհաստատվի բազմաթիվ ծրագրերի, այդ թվում նաև վիզային քաղաքականության շուրջ», - հայտարարել է նա:
Ադրբեջանում Եվրոպական շարժման նախագահ Սուրխան Լատիֆովի խոսքերով՝ այս կոնգրեսը շատ կարևոր է «Արևելյան գործընկերության» բոլոր երկրների համար: «Մենք կարևոր խնդիրներ ենք քննարկում, այդ թվում նաև ԵՄ-ի և «Արևելյան գործընկերության» երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերը», - ասել է նա:
Նա նաև նշել է, որ Հայաստանում կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու հրավեր ստանալով՝ որևէ անհանգստություն չի ունեցել: «Եվրոպական շարժումն անկախ կազմակերպություն է, և ոչ ոք չի կարող ճնշում գործադրել նրա վրա», - ասել է Լատիֆովը:
ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նպատակաուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի հետ ԵՄ-ի քաղաքական և տնտեսական մերձեցմանը: Մինչև 2013 թ.-ը նախատեսված է այդ երկրներին տրամադրել 600 մլն եվրո, որը նախատեսված է պետական ինստիտուտների ամրապնդման, սահմանների վերահսկման և փոքր բիզնեսին օգնություն ցուցաբերելու համար:-0-