ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը չի հավատում, որ Վրաստանի նախագահը մեղադրել է Հայաստանին Տավուշի մարզում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքները վերացնելու աշխատանքները վատ կազմակերպելու մեջ:
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի հյուսիսում՝ միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում, Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք, որի տակ են մնացել շուրջ չորս տասնյակ մեքենաներ: Բնական աղետի հետևանքով տուժել է 9 մարդ, զոհվել հինգը, այդ թվում՝ Վրաստանի երկու քաղաքացի:
Օրերս որոշ վրացական ԶԼՄ-ներ տեղեկացրել են, որ պետական ծառայողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հիշել է Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնց հետևանքով մարդիկ են մահացել: Մասնավորապես, Սահակաշվիլին իբր ասել է, - «Չեմ ուզում որևէ վատ բան ասել Հայաստանի մասին, նրանք մեր բարեկամներն են: Սակայն Ռամազ Նիկոլայիշվիլին մի քանի ժամում ավելի բարդ իրավիճակ է կարգավորել: Իսկ նրանց այնտեղ այդ ամենի համար գրեթե երկու շաբաթ պահանջվեց: Այ, թե ինչ է նշանակում արդյունավետ պետական աշխատակազմը»:
«Ես չեմ հավատում, որ Վրաստանի նախագահը նման բան ասած լինի: Ըստ երեւույթին, լրագրողներն են նախագահի խոսքն աղավաղել: Ինքներդ էլ լավ գիտեք, որ Վրաստանը մեզ հարևան ու բարեկամ երկիր է, իսկ Վրաստանի նախագահը շատ լավ տեղեկացված է վտանգներին հակազդելու մեր կարողությունների ու հնարավորությունների մասին»,- ասվում է ԱԻՆ մամուլի ծառայությունից ստացված Երիցյանի հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությանը, ապա կցանկանայի, որ բոլորն էլ հասկանան, որ իր չափերով սա աննախադեպ սողանք էր, և միջազգային փորձագետներն էլ վկայում են, որ ակտիվ գործող սողանքի և առատ տեղումների պայմաններում ընդհանրապես արգելվում է ծանր տեխնիկայի մուտքը սողանքի մարմին: Այդ իմաստով աննախադեպ էր փրկարարական ստորաբաժանումների մուտքն ակտիվ սողանքային գոտի:
Նախարարը նշեց, որ մասնագետները նախ գնահատեցին իրավիճակը և ձեռնարկելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները` պարանային փոխօգնություն ապահովելուց հետո, սկսեցինք որոնողափրկարարական աշխատանքները:
«Բոլոր աշխատանքներն իրականացվեցին հաշվի առնելով փորձագետների, ինժեներների, սեյսմաբանների և երկրաբանների ուսումնասիրություններն ու եզրակացությունները: Փաստորեն ԱԻՆ-ի հետ միասին աշխատեց հանրապետության նախարարություն-գերատեսչությունների միասնական թիմը և նաև միջազգային փորձագետների կարծիքով` այդ թիմը գործեց օպերատիվ ու պրոֆեսիոնալ»,- ասաց նա:-0-