Հայաստանի Արարատ քաղաքի բնակիչ Ռոզա Ալոյանը, ով խոստովանել է իր երկու մանկահասակ երեխաների դաժան սպանությունը, անմեղսունակ է ճանաչվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Հոգեբուժական բժշկական կենտրոնից այսօր ստացված եզրակացության համաձայն՝ Ռոզա Ալոյանը տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ», - ասաց գործակալության զրուցակիցը:
Ալոյանի հետագա ճակատագրով կզբաղվեն բժիշկները:
2011թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 23:45-ին, քաղաքացի Ռոզա Ալոյանի՝ Արարատ քաղաքում գտնվող բնակարանում հայտնաբերվել են նրա որդիների՝ 6-ամյա Վարդան Ալոյանի և 4-ամյա Հայկ Ալոյանի դիակները` բռնության հետքերով: Նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեխաների մայրը: Արարատի քննչական բաժանմունքում սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Ինչպես պարզվել է, շուրջ երկու տարի առաջ կինը դիմել է հիվանդանոց՝ բողոքելով անքնությունից, գլխացավերից և ճնշված վիճակից: Թերապևտն ուղարկել է նրան նյարդաբանի մոտ, սակայն Ալոյանը հրաժարվել է բժիշկների օգնությունից:
Հարևանների վկայությամբ՝ Ալոյանը տարօրինակ սովորություն ուներ, նա աննպատակ քայլում էր փողոցներով, չնայած հոգեկան ակնհայտ խանգարումներ չեն նկատվել: Ողբերգությանը նախորդող օրերի ընթացքում նրա հոգեբանական վիճակի փոփոխություններն ազդել են նաև երեխաների վրա, քանի որ Ալոյանն անտարբեր է եղել նրանց նկատմամբ:
Ալոյանի ընկերուհիների վկայությամբ՝ չնայած բազմաթիվ սոցիալական և այլ դժվարություններին, նա նույնիսկ չէր էլ մտածում երեխաներին հանձնել մանկատուն՝ ասելով, թե երեխաներն իր կյանքի իմաստն են:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ պարզվել է, որ Ալոյանը 2011թ. սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առևտուր արել, ապա վերադարձել տուն և կերակրել նրանց:
Այնուհետև Ալոյանի կողմից ներկայացրած պատճառաբանությամբ, իրեն միայնակ զգալով և իր կյանքը համարելով ավարտված՝ որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաև իր կյանքին: Այդ նպատակով նա իրեն պատկանող շարֆը կապել է խոհանոցի դռան վերևում գտնվող ջրատար խողովակին:
Կինը տեղեկացրել է, որ սպանությունից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին և փորձել իրեն խեղդելով՝ կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր մտադրությունը: Դրանից հետո նա երեխաներին վերմակով ծածկել է և տնից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երևան:
Նախաքննությամբ պարզվել են Ռ.Ալոյանի ընտանեկան կյանքին և ծնողներին վերաբերող մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Ռ.Ալոյանի հայրը ընտանիքը լքել է, երբ նա դեռ եղել է մանկահասակ: Իսկ մայրը սպանվել է՝ կացնահարվել իր քաղաքացիական ամուսնու կողմից:
Ալոյանը շուրջ 7 տարի ապրել է մանկատանը, ապա սովորել «Էրեբունի» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով բուժքրոջ որակավորում: Որպես մանկատան սան` 2003 թվականին Արարատ քաղաքում նրան հատկացվել է նշված բնակարանը:
Ամուսնացել է Երևան քաղաքի բնակչի հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երկու որդի: Երեխաների հայրը պարբերաբար լքել է ընտանիքը, բնակվել առանձին, երեխաները մնացել են մոր խնամքին և նրանց կարիքները հոգալու համար, նախաքննության ունեցած տվյալների համաձայն, ամուսինը երբեմն օգնել է միայն գումարով: Ռ.Ալոյանը ստացել է նաև սոցիալական նպաստ:
Միաժամանակ հաղորդագրության մեջ նշվում է, որ կինն Արարատ քաղաքի պոլիկլինիկա ՊՓԲԸ-ի հոգեբուժական և նարկոլոգիական բաժանմունքում հաշվառված չէ:.—0--