ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը որևէ կերպ չի ազդի եվրոպական գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունների վրա, քանի որ խոսքն ազատ առևտրի ռեժիմի, այլ ոչ թե մաքսային միության մասին է, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքում երեքշաբթի ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր է ստորագրվել: Պայմանագիրը նախատեսում է ստորագրող երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների իրավական հիմքերի դյուրացում, կփոխվեն մի շարք բազմակողմ և շուրջ 100 երկկողմ փաստաթղթեր, որոնք այսօր ԱՊՀ-ի տարածքում կանոնակարգում են ազատ առևտրի ռեժիմը:
«Մենք որևէ խնդիր չենք ունենա մեր գործընկերների հետ: Պայմանագիր ստորագրած երկրների միջև նման ռեժիմ ավելի վաղ ևս գոյություն է ունեցել, սակայն երկկողմ հիմքով: Ըստ էության, երկկողմ ձևաչափը պարզապես փոխարինվում է ավելի ժամանակակից և արդյունավետ բազմակողմ ձևաչափով», - ասաց նա:
Նրա խոսքերով՝ կարևոր է, որ համաձայնագիրը համապատասխանում է ԱՄՀ-ի նորմերին և սկզբունքներին: «Մեր ընկերություններն այլ երկրներում առանց մաքսային տուրքերի վճարման տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորություն են ստանում, այսինքն այս քայլն ուղղված է արտահանման խթանմանը», - նշեց Դավթյանը:
Խոսելով ԱՊՀ այն երկրների մասին, որոնք դեռ չեն ստորագրել փաստաթուղթը, նախարարը նշեց, որ պայմանագիրը բաց է շահագրգիռ բոլոր կողմերի համար:
«Կարծում եմ, որ որոշ ճշտումներից և բանակցություններից հետո, այդ երեք երկրները ևս կմիանան պայմանագրին», - ընդգծեց Դավթյանը:
Պայմանագիրը ստորագրել են ԱՊՀ բոլոր երկրները, բացի Ադրբեջանից, Ուզբեկստանից և Թուրքեմստանից, որոնք, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի խոսքով, մինչև տարեվերջ կուսումնասիրեն պայմանագրին միանալու հնարավորությունը:
ԱՊՀ կազմում ներառված են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան:-0-