«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) հզոր ռեսուրսներ, բավարար ընտրազանգված, ինչպես նաև բավականին իրական հնարավորություններ ունի խորհրդարանական հաջորդ ընտրություններում առաջ անցնելու համար, կարծում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:
Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականին:
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բավարար հեղինակություն և ռեսուրսներ ունի՝ իր հետևից տանելու համար այն ընտրողներին, ովքեր կհավատան, որ նա կարող է բարելավել Հայաստանի դրությունը»,- հայտարարեց Բադալյանը:
Նա կարևորեց նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ցուցաբերվելիք հնարավոր օժանդակության գործոնը: «Մենք չենք կարող բացառել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, և, հավանական է, որ նա կսատարի Ծառուկյանի կուսակցությանը»,- կարծում է Բադալյանը:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն իր հերթին նշեց, որ չի հավատում երկրի իշխանափոխությանը, սակայն նույնիսկ այդ դեպքում հայկական իրականության մեջ էական ոչինչ տեղի չի ունենա:
«Մենք տեսնում ենք 90-ականների քաղաքականության սահուն շարունակություն, և առաջնորդի փոփոխությունից ոչինչ չի փոխվի, քանի որ այդ մարդիկ նույն գաղափարախոսության կրողներն են: Քաղաքական նոր կյանք սկսելու համար մեզ պետք է մաքրել ներքաղաքական ասպարեզը և իշխանության բերել նոր մարդկանց, ովքեր կգործեն պետության շահերից ելնելով»,- ընդգծեց Մեսրոպյանը:
Նա նշեց նաև, որ խորհրդարանական ընտրությունների ելքը կանխագուշակել այդքան էլ դժվար չի լինի: «Մեզ մոտ ընդամենը իշխանական համակարգի տեղի պայքար է, բայց իշխանափոխությունից ժողովուրդը ծանրակշիռ փոփոխություններ չի տեսնի»,- կարծում է Մեսրոպյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ազատական թեքումով չափավոր կենտրոնամետ քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2004 թվականին: Կուսակցության նախագահը խորհրդարանի պատգամավոր, Ազգային Օլիմպիական կոմիտեի ղեկավար, Multy Group կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանն է:
ԲՀԿ-ն Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց Երկիր» կուսակցության հետ կազմում է երկրի իշխող կոալիցիան:
«Բարգավաճ Հայաստանը» երկրի կառավարությունում ներկայացված է չորս նախարարներով՝ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության հարցերի, խորհրդարանական խմբակցությունում ընդգրկված են 26 պատգամավորներ: Կուսակցությունում ամրագրված է նաև խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը: -0-