ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 7,7%-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1063,8 մլն խմ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական ընկերության մամուլի ծառայությունից, որը հանրապետությունում մենաշնորհային դիրք է զբաղեցնում գազամատակարարման և բաշխման ոլորտում:
Նշված ժամանակահատվածում իրացվել է 1006,8 մլն խ.մ, ինչը 5,4%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ 3,9%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 353,4 մլն խմ: 6,6%- ով ավելացել է նաև էներգետիկայի ոլորտի գազի սպառման ծավալները՝ կազմելով 93,4 մլն խ.մ՝ նախորդ տարվա 87,5 մլն խ.մ-ի համեմատ: 12,8%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 260,4 մլն խ.մ:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին 6,4%-ով նվազել է արդյունաբերության ոլորտի գազի սպառման ծավալը՝ կազմելով 175,1 մլն խ.մ՝ նախորդ տարվա 187 մլն խ.մ-ի համեմատ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թ.-ին, նրա բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը: Ռուսական գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի տարածքով:-0-