Այսօր ուժերի քաղաքական դասավորվածությունը չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ծավալմանը, չորեքշաբթի լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ես լուրջ չեմ վերաբերվում պատերազմ սկսելու մասին Ադրբեջանի սպառնալիքներին, քանի որ կարծում եմ, որ Ադրբեջանը, Հայաստանը և ոչ ֆորմալ ձևով նաև Ղարաբաղը տարածաշրջանում ուժերի որոշակի հավասարակշռություն են պահպանում, և Ադրբեջանի կտրուկ հայտարարությունները վախեցնելու մեթոդ են», - նշեց քաղաքագետը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագաների դերի մասին՝ Իսկանդարյանը նշեց, որ ՄԽ-ի առավել ակտիվ մասնակից է Ռուսաստանը:
«Քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում. եթե Ռուսաստանը ՄԽ-ի ամենաակտիվ մասնակիցն է, ապա դա ծանրակշիռ պատճառներ ունի: Ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի համար շատ ավելի հեշտ դարձավ աշխատել այս տարածաշրջանում, և մնացած բոլոր պետությունները դա հասկանում են», - ասաց քաղաքագետը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-