ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության աշխատանքը կարելի է հաջողված համարել, ասաց ՆԱՏՕ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը:
«Հոկտեմբերին տեղի ունեցավ ՆԱՏՕ ԽՎ հայկական պատվիրակության՝ ներկայիս կազմով վերջին այցը, քանի որ այդ կառույցի աշխատանքի հաջորդ ռաունդը տեղի կունենա Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո», - ասաց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայկական պատվիրակությունը մասնակցում էր ՆԱՏՕ ԽՎ աշնանային նստաշրջանին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-10-ը Բուխարեստում:
Ավագյանի խոսքերով՝ անցած տարիների ընթացքում հայկական պատվիրակությունը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել ինչպես հանձնաժողովի աշխատանքներին, այնպես էլ ամենատարբեր քննարկումներին:
«Մեզ հաջողվեց մեր պատվիրակությունը ներկայացուցչական դարձնել և մեր ձայնը հասցնել ՆԱՏՕ ԽՎ-ին», - ասաց նա:
Պատվիրակության ղեկավարն ասաց նաև, որ անցած տարիների ընթացքում չի եղել որևէ հակահայկական բանաձև կամ հայտարարություն:
«Ադրբեջանական կողմը մի քանի անգամ շրջանառության մեջ տարբեր բանաձևերի մի քանի նախագիծ մտցնելու հարց բարձրացրել է, սակայն այդ բանաձևերը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառենորվ հանվել են ՆԱՏՕ ԽՎ քննարկումների շրջանակներից», - պարզաբանեց նա:
Ավագյանն ընդգծեց նաև, որ հայկական պատվիրակությունը կարողացել է այլ երկրների պատվիրակությունների հետ լավ և ջերմ հարաբերություններ հաստատել:
«Բոլորի հետ շփումներ են հաստատվել, բոլորի հետ մենք կարող ենք տարբեր թեմաներ քննարկել, մեր դիրքորոշումն արտահայտել», - ասաց նա:
ՆԱՏՕ ԽՎ հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Ստեփան Սաֆարյանն իր հերթին նշեց, որ չնայած բարձր աստիճանի պատասխանատվությանը՝ հայկական պատվիրակությանը հաջողվել է պատվով իրականացնել իր վրա դրված առաքելությոնը:
Հայաստանը ՆԱՏՕ-ի ասոցացված անդամ է 2003թ.-ից:--0--