ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հյուսիսում սողանքի ակտիվացման պատճառը երկրաբանական գորընթացներն են, մասնավորապես՝ կավային ապարների շերտի գերխոնավացումը, երեքշաբթի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը:
Հոկտեմբերի 2-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք, որի տակ էր մնացել շուրջ չորս տասնյակ ավտոմեքենա: Բնական աղետի հետևանքով 9 մարդ տուժել է, հինգը մահացել են, որոնց թվում՝ Վրաստանի երկու քաղաքացի:
«Սողանքի ակտիվացման և փլուզման պատճառ են հանդիսացել երկրաբանական գորընթացները, ջուրը, որի երկարատև և անկառավարելի թափանցումը բազալտներում բազմաթիվ ուղղահայաց ճեղքերով գերխոնավացրել է տակդիրվող պլաստիկ և փուխր կավային ապարների շերտը և բերել է նրանց ֆիզիկական պայմանների վատթարացմանը», - նշել է Կարախանյանը: Նա ավելացրել է, որ փորձագետները բացառում են Վրաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժերի ազդեցությունը սողանքի ակտիվացման վրա:
Երկրաբանության ինստիտուտի տնօրենը նշել է նաև, որ օդալուսանկարների և 6 տիեզերական լուսանկարի վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչև 2011թ.-ի հոկտեմբերի 1-ը սողանքի ակտիվացման որևէ նշան չի եղել: Տվյալ սողանքը չի հաշվառվել ՀՀ տարածքի ակտիվ սողանքների տվյալների բազայում:
Խորհրդակցության ժամանակ «Ճանապարհ» ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը նշել է, որ նպատակահարմար է փլվածքային մասում իրականացնել մաքրման աշխատանքներ, թեթևացնել ճանապարհը, որից հետո նոր հնարավոր կլինի կատարել երկրաբանական հետազոտական մանրակրկիտ ուսումնասիրություններ և հակասողանքային միջոցառումներ:
Բեզոյանի խոսքերով՝ գործող ճանապարհի պաստառի ակնադիտական դիտարկումները ցույց են տվել, որ ճանապարհի մեծ մասը վնասված չէ և կարելի է օգտագործել հետագա վերանորոգման ժամանակ:
Խորհրդակցության մասնակիցները կարևորել են սողանքավտանգ հատվածներում մշտական դիտարկումների կատարման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի սողանքների հետագա կանխարգելմանը:
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ փլված տարածքը պետք է անհապաղ մաքրվի, որը վտանգ է ներկայացնում երկաթգծին և Դեբեդ գետին: Մաքրման աշխատանքներին զուգահեռ պետք է իրականացվեն երկրաբանական հետազոտություններ և վերջնական գնահատական տրվի ճանապարհի տվյալ հատվածին:
Երկրաբանական ուսումնասիրությունները կատարելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի որոշմամբ կստեղծվի մասնագիտական խումբ և կիրականացվեն հակասողանքային միջոցառումներ:
Խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, նախագծող և շինարարական կազմակերպությունների, նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:-0-