Հայաստանը հավատարիմ է Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի նպատակներին ու ոգուն, երեքշաբթի Երևանում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սպառազինությունների վերահսկման, հավաստագրման և համապատասխանության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերի հետ հանդիպման ընթացքում:
«Հայաստանը շարունակում է Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագիրը դիտարկել որպես Եվրոպայում անվտանգության և կայունության հիմնասյուներից մեկը և հավատարիմ է պայմանագրի նպատակներին ու ոգուն», - մեջբերեցին նախագահի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի լիարժեք կերպով իրականացնել պայմանագրով ստանձնած պարտավորությունները` կարևորելով Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման ոլորտում հիշյալ փաստաթղթով սահմանված պարտավորությունների կատարումը, որի խախտումն արդեն իսկ լուրջ վտանգ է դարձել ամբողջ տարածաշրջանի համար:-0-