Հոկտեմբերի 19 - 28-ին իրականացվող «Գրական Տապան 2011. տասը տարի անց» ծրագրին մասնակցելու համար Հայաստան կժամանեն եվրոպացի 15 գրողներ, հաղորդում է ծրագրի կազմկոմիտեն:
Ծրագիրն արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ նախագիծն է:
Հաղորդագրության համաձայն` նախագծին մասնակցելու համար Հայաստան կժամանեն տարբեր ժանրի և ուղվածության 15 եվրոպացի գրողներ: Նախագծի շրջանակներում նրանք հնարավորություն կունենան տեսնելու Հայաստանը, ճանաչելու հայ մարդուն` նրա ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև կքննարկվեն ժամանակակից գրականության ու մշակույթի խնդիրները։
Մասնավորապես` ծրագրի հյուրերն են` Հերբերտ Մաուրերը (Ավստրիա), Գերտ վան Իստենդելը և Ֆիլիպ վան Զանդայկը (Բելգիա), Քրիստիան Լանգեն և Սվանտիե Լիխտենշտեյնը (Գերմանիա), Պետեր Սաուտերը և Վահուր Աֆանասևը (Էստոնիա), Բեջան Մատուրը (Թուրքիա), Կլաուդիո Պոցցանին (Իտալիա), Յացեկ Պացոխան (Լեհաստան), Արլետ վան Լաարը և Սերժ վան Դայնհովենը (Հոլանդիա), Լեո Բուտնարուն (Մոլդովա), Դավիդ Մագրաձեն (Վրաստան), Սերժ Վենտուրինին (Ֆրանսիա):
«Գրականությանն ու գրքին նվիրված այս նախագիծը լավ առիթ է եվրոպացի գրողներին ներկայացնելու 2012 թվականին մեզ սպասվող գրական իրադարձությունները՝ Հայ գրատպության 500-ամյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Գրական Տապան 2001»-ը նույնպես ուղղված էր գրականությունների ու գրականություն ստեղծողների մշակութային մերձեցմանը, որի արդյունքը միանգամայն շոշափելի էր: Տպագրվեց այդ ծրագրին մասնակցած եվրոպացի գրողների` Հայաստանին նվիրված ստեղծագործություններից կազմված «Գրական տապան» ժողովածուն:
«Ինչպես տասը տարի անց, այս անգամ էլ նախագծի արդյունքում կտպագրվի գրական մի ժողովածու, որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն իրենց խոհերն ու տպավորությունները Հայաստանի, հայ ժողովրդի ու հայկական մշակույթի մասին: Նախատեսվում է նաև բացել «Գրական տապան» նախագծի կայքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-