Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին, երկուշաբթի հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դանիայում հայկական դեսպանատուն բացելու մասին որոշման նախագիծը հաստատվել է այս տարվա հուլիսի 28-ին կառավարության կողմից, այդ նպատակներով երկրի պետբյուջեից 43 մլն դրամ (շուրջ 118 հազար դոլար) է հատկացվել:
Հաղորդագրության համաձայն, Թագուհին, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթելով աշխատանքում, հույս հայտնեց, որ Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կնպաստի հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանը:
Դանիայի Թագուհին խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և հայ ժողովրդին:
Պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Դանիայում դեսպանատան բացումն անհրաժեշտ էր Դանիայում Հայաստանի շահերն առավել լուրջ ներկայացնելու համար՝ հատկապես ելնելով երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման կարևորությունից: -0