Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլը հուսով է, որ ԱՊՀ երկրներն առաջինը կլինեն, որ կճանաչեն այդ միջազգային կազմակերպության անձնագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուրբաթ լրագրողների հետ զրույցում նա պարզաբանեց, որ Ինտերպոլի անձնագրի ներմուծումը թույլ կտա այդ խոշոր միջազգային ոստիկանական կազմակերպության աշխատակիցներին ծայրահեղ դեպքերում օպերատիվորեն ժամանել այլ երկրներ: Այսօր աշխատակիցները կարող են ընդհանուր կարգով մեկ այլ պետություն ժամանել: Որպես օրինակ՝ Նոուբլը ներկայացրել է Մինսկի իրավիճակը, որտեղ մետրոյի ահաբեկչությունից հետո (2011թ.-ի ապրիլ) Ինտերպոլի աշխատակիցները չեն կարողացել օպերատիվորեն մուտք գործել. նրանք ստիպված էին երեք օր մուտքի արտոնագրի սպասել:
«Ներկայումս աշխարհում շուրջ 700 մլն մարդ է տեղաշարժվում առանց մուտքի արտոնագրի ռեժիմի՝ ինչպես անձնական գործերով, այնպես էլ՝ գործնական: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ Ինտերպոլի աշխատակիցները պետք է համանման հնարավորություն ունենան»,- ընդգծեց Նոուբլը, ով մասնակցում է Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների ՆԳՆ և ոստիկանության ղեկավարների խորհրդի նիստին:
Նա պարզաբանեց, որ Ինտերպոլի անձնագիրը օտարերկրյա անձնագրի և տոմսի առկայության դեպքում այն ունեցողներին առանց խնդիրների երկիր մտնելու հնարավորություն է տալիս, իսկ մուտքի արտոնագիր կարող ես ստանալ արդեն ժամանելիս: «Դա թույլ կտա զգալիորեն կրճատել ժամանակը և բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունը»,- նշեց գլխավոր քարտուղարը:
Ենթադրվում է, որ Ինտերպոլի անձնագիրը տրվելու է ազգային կենտրոնական գրասենյակների պետերին, ՆԳՆ և ոստիկանության ղեկավարներին, ինչպես նաև Ինտերպոլի կենտրոնական աշխատակազմի աշխատակիցներին:
Պատասխանելով ԱՊՀ երկրների հետ Ինտերպոլի համագործակցության վերաբերյալ հարցին՝ Նոուբլը նշել է դրա դրական դինամիկան: «Եթե 2003թ.-ին ԱՊՀ երկրների ուղղությամբ Ինտերպոլ է ներկայացվել 100 հազար հարցում, ապա այս տարի դրանց թիվն արդն գերազանցել է 25 միլիոնը,- ասաց նա: -Այդ թվերն ամենից լավ վկայում են մեր համագործակցության բարձր մակարդակի մասին, որը մենք մտադիր ենք նաև հետագայում ակտիվորեն զարգացնել»: -0-