Հայաստանի յուրաքանչյուր երրորդ կին, վիճակագրական տվյալների և սոցիալական հարցումների համաձայն, տառապում է ֆիզիկական, հոգեբանական և սեռական ընտանեկան բռնությունից, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Վարդանյանը:
«Մենք այս ոլորտում աշխատում ենք 1997 թվականից, և վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում այդ խնդիրն առկա է, և անհրաժեշտ է ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը՝ նման դեպքերը կանխելու համար»,- ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ընտանիքում բռնության ենթարկվող կանայք հազվադեպ են դիմում ոստիկանություն՝ անհիմն նախապաշարումների պատճառով: «Այդպիսի կանանց համար, ովքեր վախենում են դատարան կամ ոստիկանություն դիմել, մենք Երևանում և մարզերում ստեղծել ենք «թեժ գիծ», որպեսզի նրանք կարողանան դիմել մեզ և հոգեբանական ու իրավաբանական օգնություն ստանալ»,- ասաց փորձագետը:
«Թեժ գիծ» ծառայության տվյալներով՝ օրական ընտանեկան բռնության վերաբերյալ բողոքներով դիմում է 10-15 կին:
«Եթե բռնությունը մեկ անգամ է կատարվում, ապա այն կկրկնվի բազմիցս, և նման ընտանիքում մնալը պարզապես վտանգավոր է: Շատերը կարծում են, թե այսօրինակ կոչով մենք ընտանիքներ ենք քանդում, բայց դա այդպես չէ, որովհետև այդպիսի ընտանիքներն արդեն քանդված են»,- ընդգծեց Վարդանյանը:
Նա ավելացրեց, որ ընտանեկան բռնության մեջ մեղավորների պատիժ ենթադրող օրինագծի մշակումը «Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը» ավարտել է դեռևս 2007 թվականին:
«Երկու տարիների ընթացքում նախագիծը լրամշակվում էր միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Այնուհետև՝ 2009 մայիսին, օրինագիծը փոխանցվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և առայօսր որևէ արձագանք չկա»,- ասաց Վարդանյանը:
Ըստ նրա՝ օրինագծում սահմանվում է «ընտանեկան բռնություն» արտահայտությունը, ինչպես նաև մողավորների հայտնաբերման մեթոդները և կատարածի համար պատժամիջոցները:
«Օրինագիծը հնարավորություն է տալիս ժամանակավորապես հեռացնել մեղավորին տուժած կողմից՝ մինչև իրավիճակի պարզաբանում: Հույս ունենք, որ օրինագիծը կներկայացվի խորհրդարան և կհաստատվի, ինչպես այլ քաղաքակիրթ երկրներում»,- ասաց Վարդանյանը:
Հասարակական կազմակերպության իրավաբան Սաթենիկ Գևորգյանն իր կողմից ներկայացրեց 2011 թվականի վիճակագրությունը, որի համաձայն, «Թեժ գիծ» ծառայությանը դիմել է 1782 կին:
«Դիմածներից 854-ը բողոքել է հոգեբանական, 481-ը՝ ֆիզիկական և 13-ը՝ ընտանեկան սեռական բռնությունից»,- ասաց Գևորգյանը:
Ընտանիքում առավել հաճախ բռնության ենթարկված հայ կանանց միջին տարիքը տատանվում է 26-32 տարեկանի սահմաններում:
«Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնական խնդիրը կանանց ու նրանց երեխաների նկատմամբ ընտանիքներում բռնության կանխումն է, բռնությունից ազատ լինելու նրանց իրավունքների պաշտպանությունը: -0-