ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իռլանդիա-Հայաստան խաղում իսպանացի մրցավար Իտուրալդո Գոնսալեսի կոպիտ սխալները պատահականություն չէին, գրում է Marca թերթը:
Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստներն արտագնա խաղում 2:1 հաշվով զիջեցին իռլանդացիներին և զրկվեցին Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու համար պայքարը շարունակելուց: Խաղի 26-րդ րոպեին Գոնսալեսը դաշտից հեռացրեց հայկական հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, քանի որ նա տուգանային հրապարակի սահմաններից դուրս իբր ձեռքով խաղաց:
Սակայն կրկնապատկերի ժամանակ պարզ երևում էր, որ գնդակը դարպասապահի ձեռքին չի դիպել: Ավելին, գրոհի ժամանակ իռլանդացիների հարձակվող Սայմոն Քոքսը ձեռքով խաղաց: BBC-ին տված հարցազրույցում Քոքսը խոստովանեց, որ գնդակը դիպել է իր ձեռքին և Բերեզովսկու կոմղմից նա խախտում չի նկատել:
«Գոնսալեսի սխալները պատահականություն չէին, քանի որ վերջինս կատարում էր ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաների առաջադրանքը, ովքեր պարտք ունեին իռլանդական հավաքականին»,- պարբերականին մեջբերում է championat.com-ը:
Իռլանդիայի հետ խաղից առաջ կարծիքներ կային, որ ֆուտբոլային Եվրոպան մեղքի զգացում ունի Իռլանդիայի հավաքականի նկատմամբ՝ 2009թ.-ի նոյեմբերի 18-ին կայացած աղմկալի խաղի համար, որի ժամանակ ֆրանսիացի հարձակվող Տյերի Անրին ձեռքով խաղալով՝ որոշիչ գոլ խփեց իռլանդացիների դարպասին՝ փակելով 2010թ.-ի աշխարհի առաջնություն դուրս գալու նրանց ճանապարահը: -0-