ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 341 հազարի, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում երեքշաբթի «Պետական և մասնավոր համակարգերում դատական ակտերի հարկադիր կատարման արդի խնդիրներն ու հեռանկարները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի բացման ժամանակ:
«Եթե 2008-ին ունեինք ընդամենը 45 հազար ինտերնետից օգտվող, ապա այդ թիվն այսօր հասնում է 341 հազարի», - վարչապետի խոսքերը մեջբերում է telecom.arka.am պորտալը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սարգսյանը, Հայաստանում այսօր Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր արտադրանքի տարեկան ծավալները հասնում են 200 մլն դոլարի, ինչը, հաշվի առնելով աճի տեմպերը, առիթ է տալիս պնդելու, որ շուտով այս ցուցանիշը կգերազանցի հանքահումքային արդյունաբերությանը:
Վերջին երեք տարվա ընթացքում ՏՏ ոլորտն իր զարգացման տեմպերով առաջատարի դիրք է զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ:
2009 թ.-ին բջջային հեռախոսների միջոցով ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը կազմում էր 1,1 միլիոն, 2010 թ.-ի արդյունքներով դրանց թիվը հասել է 1,343 միլիոնի, իսկ 2011 թ.-ի առաջին եռամսյակի տվյալների համաձայն՝ բաժանորդների թիվը հասել է 1,7 միլիոնի:
2009 թ.-ին 1 մեգաբիթ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետն արժեր 244 հազար դրամ, 2010 թ.-ին՝ 71 հազար դրամ, իսկ 2011 թ.-ի առաջին եռամսյակի տվյալների համաձայն՝ այն նվազել է՝ դառնալով 55 հազար դրամ: (1 դոլարը 375,94 դրամ է):-0-