ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պետական դումայի պատգամավոր Ժորես Ալֆյորովը քննարկել են գիտության զարգացման հեռանկարները, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
Նախագահը կարևորել է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում:
«Հուսով եմ, որ հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող այդ համագործակցությունը հիմք կդառնա նոր գիտական ձեռքբերումների` ի շահ համայն մարդկության և մեր երկու բարեկամ ժողովուրդների»,– ասել է Սարգսյանը:
Նա նաև շնորհավորել է պրն. Ալֆյորովին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ:
Երկուշաբթի ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պետական դումայի պատգամավոր Ժորես Ալֆյորովն արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի դիպլոմի:
Ծավալված ջերմ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու նշանավոր գիտնականն անդրադարձել են ժամանակակից գիտության զարգացման հեռանկարային բնագավառներին, քննարկել գիտական աշխատանքի կազմակերպման և նոր տեխնոլոգիաների խրախուսման հարցերը:
Ժորես Ալֆյորովը 2000 թվականին նոբելյան մրցանակի է արժանացել կիսահաղորդչային հետերկառուցվածքների և արագագործ օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման համար: Նա արժանացել է աշխարհի ավելի քան 50 տարբեր գիտակրթական կենտրոնների պատվավոր անդամի կոչման: Հեղինակ է 500 գիտական հոդվածների, 3 մենագրությունների և 50 հայտնագործությունների:--0--