Երևանում հոկտեմբերի 11-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի չորրորդ նիստը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ քարտուղարության, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղըզստանի և Տաջիկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչները։
Նիստի ընթացքում քննարկվելու են տեխնածին ու բնական աղետների դեպքում հավաքական արձագանքման, միասնական տեղեկատվական-ծրագրային հարթության ձևավորման, համատեղ ուսումնավարժությունների անցկացման, անդամ-երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից` 1992 թ. մայիսի 15ին ստորագրված հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա: ՀԱՊԿ-ում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Ռուսաստան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: -0-