ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գյուղական համայնքների առաջին համաժողովը կանցկացվի Ջերմուկում հոկտեմբերի 10-11-ը: Միջոցառման շրջանակներում ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկօրյա համաժողովն անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Համաժողովի նպատակն է երկխոսության միջոցով աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը, ինչպես նաև փորձ և տեղեկատվություն փոխանակել իրականացվող ծրագրերի ու քաղաքականության մասին:
Համաժողովի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 11-ին: Համաժողովի փակման արարողությանը կմասնակցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Միջոցառմանը կմասնակցի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների ավելի քան 300 ներկայացուցիչ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք երկրի մարզերում և համայնքներում տարբեր ծրագրեր են իրականացնում:
Համաժողովի շրջանակներում կկազմակերպվի երկու լիագումար նիստ, ցուցահանդես, աշխատանքային տասը խմբեր կքննարկան հետևյալ թեմաները՝ «Համայնքային ենթակառուցվածքները. ջրային տնտեսություն, էներգետիկա, քաղաքաշինություն», «Վարչատարածքային բարեփոխումներ. տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները», «Բնապահպանություն և լեռնահանքային արդյունաբերություն», «Համայնքային ենթակառուցվածքներ, սոցիալական ոլորտ և առողջապահություն. քաղաքականություն, ծրագրեր, զարգացման հեռանկարներ», «Բանկային համակարգ. վարկային գործիքները գյուղական համայնքներում», «Նոր տեխնոլոգիաներ»:
Պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբերում կքննարկվեն գյուղական համայնքներին վերաբերող առավել հրատապ խնդիրները, կներկայացվի դրանց լուծման դրական միջազգային փորձը:
Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն ու Հայաստանի համայնքների ասոցիացիան:-0-