ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ պետական շքանշաններով և մեդալներով է պարգևատրել մի շարք ֆրանսիացի պաշտոնյաների, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև միջպետական համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանով պարգևատրվել է Ֆրանսիայի Հանրապետության պետական նախարար, արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն:
Հայաստանի Հանրապետության «Պատվո շքանշանով» են պարգևատրվել Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի և թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնը, Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրը, տրանսպորտի նախարար Թիերի Մարիանին, արտաքին առևտրի պետական քարտուղար Պիեռ Լելուշը, նախագահի հատուկ խորհրդական Անրի Գենոյը, նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լևիտը:
«Մխիթար Գոշի» մեդալով են պարգևատրվել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյը, Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ֆրանկ Լուվրիեն, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիյոմ Լամբերը, Ֆրանսիայի պետական արարողակարգի ղեկավար Լորան Ստեֆանինին և Ֆրանսիայի նախագահի խորհրդական Դամիեն Լորասը:-0-