Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուրբաթ Երևանում հայտնել է, որ հուզվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցից:
Նախօրեին Սարկոզին այցելել է Երևանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր («Ծիծեռնակաբերդ), որտեղ հայտարարել է, որ Ֆրանսիան կհրաժարվի օրենսդրական կարգով Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունումից, եթե Թուրքիան իր մեջ ուժ գտնի վերանայել իր պատմությունը:
«Ուզում եմ ասել ՀՀ նախագահին, թե ինչպես էի հուզվել այցելելով «Ծիծեռնակաբերդ»: Դա հիշատակման ուժեղ վայրերից մեկն է, որն ինձ Յադ վա-Շեմը և Կիգալիայի փոքր թանգարանը հիշեցրեց, որը մեծ նշանակություն ունի Ռուանդեում ցեղասպանության հիշատակը պահպանելու համար: Շնորհակալ եմ նախագահ Սարգսյանին, որ ինձ ուղեկցեց Հուշահամալիր կատարած այցի ընթացքում, դա ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ»,- ասել է Սարկոզին՝ ավելացնելով, որ հասկանում է, թե ինչու են միլիոնավոր հայեր անչափ հարգում այդ վայրը:
2001թ.-ին Ֆրանսիան խորհրդարանական մակարդակով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը դեռ չի ընդունվել Սենատի կողմից: --0-