ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգշաբթի Բրյուսելում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիևի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Օհանյանն այս օրերին գտնվում է Բրյուսելում՝ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի առաքելությունում մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ-երկրների և գործընկերների պաշտպանության նախարարների նիստին մասնակցելու նպատակով:
Տեղեկատվության համաձայն՝ Աբիևի հետ ունեցած կարճատև զրույցի ընթացքում Օհանյանը վերջինիս ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին:
ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում տեղակայված մարտական դիրքերի վրա հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի կողմից արձակած դիպուկահարային կրակի հետևանքով երկու ժամկետային զինծառայող Հենրիկ Խաչատրյանն ու Խաչատուր Սուքիասյանը վիրավորվել են: Նույն օրը ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Յուրի Սարգսյանը:
Ադրբեջանը նախորդ շաբաթվա ընթացքում ավելի քան 200 անգամ խախտել է հրադարի ռեժիմը Ղարաբաղի հետ շփման գծում:-0-