ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ուրբաթ առավոտյան կժամանի Երևան, հինգշաբթի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի քարտուղար Մերի Հակոբյանը:
Րոպեներ առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որտեղ Ֆրանսիայի նախագահին դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորները:
«Շառլ Ազնավուրն այսօր չի ժամանել: Նա կժամանի Երևան վաղն առավոտյան, քանի որ այսօր երեկոյան համերգ ունի Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում», - ասաց Հակոբյանը:
Պաշտոնական պատվիրակության կազմում Երևան են ժամանել նաև հայտնի ֆուտբոլիստ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծ բիզնեսի ներկայացուցիչներ:
Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 7-ին Սարկոզին նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի նաև Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը: Սարկոզին ներկա կգտնվի նաև Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը: Քանդակը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը:-0-