Այժմ Երևանի Ազատության հրապարակում անցկացվող ՀԱԿ-ի հանրահավաքները դժվար թե կարող են 2008 թ.-ի մարտյան ողբերգական իրադարձությունների կրկնության հանգեցնել, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի։
«Մարտի 1-ն արդեն եղել է, և դրանից հետո բավական ժամանակ է անցել: Ինձ չի թվում, թե ընդդիմության քաղաքական ակտիվությունն աճում է, ամեն դեպքում հիմա Օպերայի հրապարակում 100 հազար մարդ չկա», - հինգշաբթի լրագրողներին ասաց Իսկանդարյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը սեպտեմբերի 30-ին կայացած հանրահավաքի ժամանակ որոշում է ընդունել մեկ շաբաթվա ընթացքում Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել: Ընդդիմության գլխավոր պահանջը խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումն է, որոնք նախատեսված են 2012 և 2013 թթ.-ին:-0-