ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շուտով Մոսկվայից Երևան կբերվի Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը՝ որպես նվեր Երևանի բնակիչներին Ռուսաստանի գրողների միությունից, հայտարարել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը:
Հայաստանում Ռուսական խոսքի օրերին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Կրիվոպուսկովը նշեց, որ հայտնի ռուս գրողի հետ հայ ժողովրդի կապը շատ սերտ է և հին պատմություն ունի:
«Միջոցառման շրջանակներում մենք մտադիր ենք այցելել Հայաստանում Պուշկինի լեռնանցք, որտեղ, ինչպես հայտնի է, տեղադրված է հուշարձան` ի հիշատակ Ա. Ս. Պուշկինի և Ա. Ս. Գրիբոյեդովի մարմինը տեղափոխող մարդկանց հետ հանդիպման (Լոռու մարզի Գար-Գառ գյուղ)», - երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Կրիվոպուսկովը:
Նրա խոսքերով՝ Երևանում հուշարձանի բացման մանրամասները դեռևս քննարկման փուլում են, սակայն հուշարձանն արդեն պատրաստ է և շուտով կտեղափոխվի Հայաստան:
«Բացի այդ, հոկտեմբերի 7-ին Երևանում Մաշտոցի պողոտայում կբացվի Ռուսական գրքի տունը, իսկ առաջիկայում Մոսկվայի Բասմաննայա փողոցում կբացվի Հայ գրականության տունը», - նշեց Կրիվոպուսկովը:
ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին նվիրված ռուսական խոսքի օրերը կանցկացվեն հոկտեմբերի 3-9-ը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Հայաստանում ռուսական խոսքի օրերն անցկացվում են 2007 թ.-ից` Հայաստանի մշակույթի նախարարության և Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ռուսական միության (ՀԲՀՌՄ) աջակցությամբ և համագործակցությամբ:-0-