ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է երկրի հյուսիսում տեղի ունեցած սողանքի հետևանքով անհայտ կորածների անունները, որոնց թվում Վրաստանի չորս քաղաքացի կա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: Փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ:
«Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի հատվածին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհայտ կորած է համարվում յոթ մարդ, որոնցից չորսը Վրաստանի քաղաքացիներ են՝ 1992 թ.-ին ծնված Արթուր Հակոբյանը, 1949 թ.-ին ծնված Գուրգեն Հակոբյանը, 1961 թ.-ին ծնված Գենա Սուրմանիձեն և 1981 թ.-ին ծնված Նուկրի Սուրմանիձեն», - ասել է գործակալության զրուցակիցը:
Անհայտ կորածների թվում կա Հայաստանի երեք քաղաքացի՝ Երևանի բնակիչներ Արմեն և Մեխակ Սորսումատյանները (1973 և 1964 թթ.), ինչպես նաև 1939 թ.-ին ծնված Լճկաձոր գյուղի բնակիչ Նորիկ Միրզոյանը:
Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ սողանքի հետևանքով տուժել է յոթ մարդ, և նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
ԱԻՆ մամուլի ծառայությունից նաև տեղեկացրեցին, որ առավոտյան նախարարություն է զանգահարել ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, ով առաջարկել է իր կառավարության օգնությունը:
Հայկական կողմը երախտագիտություն է հայտնել և տեղեկացրել, որ նման անհրաժեշտություն չկա: Դեպքի վայրում է գտնվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից դեռևս նախօրեին դեպքի վայր է մեկնել ավելի քան 70 փրկարար, 20 զինծառայող և 4 միավոր ծանր ռազմական տեխնիկա, շտապօգնության տասը բրիգադ: Տարածքը շրջափակված է և վերահսկվում է ոստիկանների կողմից: Հասարակական կարգի պահպանմանման և երթևեկության կարգավորման նպատակով դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանության 6 մեքենաներ, 50 ոստիկաններ և լրացուցիչ` Տավուշի մարզային ոստիկանության 15 ոստիկան:
Սողանքի հետևանքով Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհը դարձել է անանցելի, ինչի կապակցությամբ իշխանություններն առաջարկում են բնակիչներին հարկ եղած դեպքում օգտվել Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհից:
ՀՀ ԱԻՆ-ը դեռևս սեպտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Երևան-Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երևույթները, և 3000 խմ ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին: Ճանապարհը բացվել է, սակայն սողանքի վտանգը պահպանվում էր:
Այս տարվա ամռանը հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Տավուշի մարզում ակտիվացել են սողանքները, որտեղ վտանգավոր գոտում են հայտնվել շուրջ 75 բնակելի տներ:.--0—