Հայաստանում 2011թ. հունվար-օգոստոս ամիսներին կոնյակի, գինու, շամպայնի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է, իսկ գարեջրի և օղու արտադրությունը նվազել է՝ անցած տարվա նույն ցուցանիշի համեմատ, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ութ ամսվա ընթացքում արտադրվել է շուրջ 7,5 մլն լիտր հանրահայտ հայկական կոնյակ, ինչը 9,8 տոկոսով ավել է 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, արտադրվել է շուրջ 3,7 մլն լիտր գինի (10 տոկոսանոց աճ):
Հաշվետու ժամանակահատվածում շամպայնի արտադրությունը հասել է 149,6 մլն. լիտրի (2,3 տոկոսով ավել՝ 2010 թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ), իսկ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրութունն ավելացել է՝ հասնելով 24,2 մլն լիտրի (5,6 տոկոսանոց աճ):
Ամենամեծ անկումը (28,3 տոկոսանոց) գրանցվել է օղու-լիկյորի և օղու արտադրության գծում՝ հասնելով մինչև 4245,8 հազար լիտրի, ինչպես նաև գարեջրի արտադրության գծում (3,2 տոկոսանոց անկում)՝ կազմելով 11,2 մլն լիտր:-0-