ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղն անպայման բանակցային գործընթացի լիիրավ կողմ կդառնա, վստահ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Ղարաբաղը բանակցային գործընթացի կողմ է եղել, բայց դուրս է եկել դրանից Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Բայց մենք անպայման բանակցությունների լիիրավ կողմ կդառնանք, և միջազգային հանրությունը ստիպված կլինի հաշտվել դրա հետ»,- չորեքշաբթի Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի` Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակին նվիրված նիստի ընթացքում ասել է նա:
Ըստ նրա՝ ՀՀ ղեկավարությունը մշտապես տեղեկացնում է Ստեփանակերտին բանակցային գործընթացի մասին, բայց հարցի լուծման համար դա բավարար չէ:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ առանց ԼՂՀ մասնակցության ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը բացառվում է: Այսօր այդ դիրքորոշումը կիսում են նաև միջնորդ երկրները, ինչի մասին են վկայում իրենց հրապարակային հայտարարությունները»,- ասել է Ղարաբաղի նախագահը:
Ըստ նրա՝ խոսքը Հայաստանի հանդեպ ունեցած անվստահության մասին չէ: «Պարզապես հակամարտությունն ըստ իր էության այնպիսին է, որ առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է լուծում գտնել»,- նշել է Սահակյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-