ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վայքի հիվանդանոցի մանկաբարձական-գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Մետաքսյա Հովհաննիսյանը, ով հիշատակվում է նորածնի մահվան վերաբերյալ աղմկալի գործում, ազատվել է զբաղեցրած պաշտոնից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այդ միջադեպի հետ կապված հատուկ ստեղծված հանձնաժողովի նախնական ստուգումների արդյունքում Վայոց ձորի մարզպետին առաջարկել է Բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ասլանյանին, մարզային ղեկավարության համապատասխան վարչության պետ Արտաշես Գալուստյանին, ինչպես նաև հիվանդանոցի մանկաբարձական-գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Մետաքսյա Հովհաննիսյանին ազատել պաշտոնից»,- ասաց Հունանյանը:
Օգոստոսի 14-ին Հովհաննիսյանը ծնունդ է ընդունել Գնդևազ գյուղի բնակիչ 20-ամյա Հայարփի Տոնոյանից, ում նաև հետևել է հղիության ողջ ընթացքում:
Երեխան ծնվել է ժամը 23.00-ին ծանր վիճակում, որից հետո մի քանի ժամվա ընթացքում տեղափոխվել է Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն՝ հաստատված կանոնակարգի համաձայն: Հիվանդանոցում նորածնի հանդեպ պատշաճ հսկողություն է իրականացվել, սակայն չնայած նախաձեռնած միջոցներին՝ տղայի կյանքը չի հաջողվել փրկել: Երկու շաբաթ խորը կոմայի մեջ գտնվելով՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 03.25-ին երեխան մահացել է:
Ըստ Հունանյանի՝ հանձնաժողովը Մետաքսյա Հովհաննիսյանի գործում խախտումներ է հայտնաբերել և նրա կողմից մասնագիտական պարտականությունների կատարումն անբավարար է համարում:
Միաժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, որոնց չի տիրապետում առողջապահության նախարարությունը, Հովհաննիսյանը նաև որպես բժիշկ ազատվել է աշխատանքից Վայքի հիվանդանոցից:
Տվյալ գործի հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղվել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով ձրավորված մասնագիտական խումբը: Խումբը ղեկավարել է ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՀՀ ոստիկանությունը նյութեր է պատրաստում տվյալ փաստի առթիվ: -0-