Հայտնի ռեժիսորական Մարինա Զաքարյան ու Հովհաննես Գալստյան զույգը, ովքեր 2009թ.-ին ներկայացրեցին «Խճճված զուգահեռներ» աղմկահարույց ֆիլմը, հոկտեմբերի վերջին կսկսեն ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով նոր ֆիլմի նկարահանումները:
Այս անգամ որպես կինոնկարի ռեժիսոր հանդես կգա Մարինա Զաքարյանը, իսկ պրոդյուսեր՝ Հովհաննես Գալստյանը:
«Ընդհանուր առմամբ գաղափարը հետևյալն է՝ Սարոյանի չորս ստեղծագործությունների մոտիվներով կնկարահանվի մեկ լիամետրաժ ֆիլմ: Դրանք չորս առանձին նովելներ են, որոնք կապված են միմյանց իմաստով և հերոսների միջոցով»,- լրագրողներին ասաց Զաքարյանը:
Նա հայտնեց, որ ֆիլմը նախատեսվում է անվանել «Կիսալուսնի ծովածոց»` մի փոքրիկ քաղաքի անունով, որտես ծավալվում են գործողությունները:
Նա պատմեց, որ չորս նովելներից յուրաքանչյուրы տարվա որոշակի ժամանակ է խորհրդանշում՝ «Հայրիկ, դու խենթ ես» (գարուն), «Մաղադանոսի այգին» (ամառ), «Փասիան որսացողը» (աշուն) և «Ծննդյան տոներից երեք օր անց» (ձմեռ):
Ֆիլմը կտևի մոտ 80 րոպե: Կինոնկարի սյուժեի համաձայն` հերոսները փորձում են նոր կյանք սկսել ոչ մեծ գավառական քաղաքում:
Զաքարյանը տեղեկացրեց, որ ֆիլմի նկարահանումները ծրագրվում է անցկացնել Գորիսում և Երևանում:
Նա ընդգծեց, որ կցանկանար ֆիլմն ավարտել մեծ գրողի 105-ամյա հոբելյանին:
Ռեժիսորն ասաց, որ ֆիլմում կնկարահանվեն ինչպես հայտնի հայ դերասանները, այնպես էլ նորերը, քանի որ ֆիլմի հերոսներն անչափահասներ են: -0-