Հայաստանի Անկախության օրվան նվիրված եկեղեցական արարողություն է սկսվել Երևանի Մայր եկեղեցում
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Անկախության օրվա 20-ամյակին նվիրված եկեղեցական հանդիսավոր արարողություն է սկսվել չորեքշաբթի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում:
Արարաողությանը մասնակցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, երկրի բարձրաստիճան հոգևորականությունը` Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի գլխավորությամբ:
Հայկական երկու պետությունների ղեկավարները, մտնելով եկեղեցի, խաչակնքվել են` ծունկի գալով Սուրբ Խորանի առջև:
Հայ ժողովուրդը սեպտեմբերի 21-ին նշում է երկրի անկախության 20-րդ տարեդարձը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։ --0--

