ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ոստիկանությունն ազատ է արձակել չորեքշաբթի մի խումբ անձանց կողմից Երևանի զորահանդեսի հետ կապված բողոքի ակցիայի մասնակիցներին:
«Այսօր առավոտյան Երևանում` Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, մի խումբ անձինք բողոքի ակցիա են կազմակերպել` կապված Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի հետ: Ակցիայի մասնակիցներից երկուսը հրավիրվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին` նրանց անձը պարզելու նպատակով, և որոշակի պարզաբանումներ տալուց հետո հեռացել են»,- ասվում է հաղորդագրությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանը, Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և Facebook-ի էջի ադմինիստրատոր Առնո Կուրը, ովքեր դեմ են հանդես եկել զորահանդեսում ռուս զինծառայողների մասնակցությանը, չորեքշաբթի առավոտյան տեղափոխվել են Ոստիկանության Կենտրոնական բաժանմունք:
Ոստիկանության աշխատակիցներն ակցիայի մոտ մեկ տասնյակ մասնակիցներից առգրավել են պաստառներ «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ», «Ոչ օտար դրոշներին» գրություններով:
Ռուս զինծառայողների մասնակցությունը շքերթին հայկական մի շարք ԶԼՄ-ների շահարկության առարկան դարձավ, ինչի առիթով պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես եկավ համապատասխան հայտրարությամբ:
Կարապետյանը կոչ էր արել չշահարկել շքերթին ռուս զինծառայողների մասնակցության հարցը` նշելով, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորը հիմքերը գաղտնիք չեն հասարակության համար: Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը մասնակցում է հանրապետության անվտանգության ապահովմանը:
Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:
Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:
Քանի որ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում իր տեղակայման ժամանակաընթացքում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով: Բացի այդ, ռուսական ռազմաբազայի ռազմական միավորումների կիրառումն իրականացվելու է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա:-0-