ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված աննախադեպ զորահանդեսը սկսվել է Երևանի Հանրապետության հրապարակում:
Զորահանդեսին հետևում է երկրի զինվորական և քաղաքական բարձրագույն ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկաների թվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը և Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը:
Զորահանդեսի հրամանատարն է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, զորահանդեսն ընդունում է հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Զորահանդեսին, որոշ տվյալներով, մասնակցում է շուրջ չորս հազար մարդ, և կներկայացվի ռազմական տեխնիկայի ավելի քան 300 միավոր:
Հանրապետության Հրապարակով կանցնեն Հայաստանի ԶՈՒ, Արցախի Պաշտպանության բանակի, ռուսական 102-րդ ռազմակայանի բոլոր զորքերը:
Բացի զրահատեխնիկայից, կցուցադրվի այնպիսի հզոր տեխնիկա, ինչպես «Տոչկա-ՈՒ» տակտիկական հրթիռային համալիրները, «Սմերչ» համակարգերը, Էլբրուս 9К72 օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրը (НАТО SS-1c Scud B դասակարգմամբ), շարժական զենիթահրթիռային С-300 ПМ համակարգը և այլ տեխնիկա: Կցուցադրվի նաև ավիացիան, այդ թվում` «Կռունկ» հայկական անօդաչու թռչող սարքերը:
Նորույթ կլինի զինվորական հոգևորականության ներկայացուցիչների մասնակցությունը շքերթին: Հոբելյանական զորահանդեսում զինվորական հոգևորականները կանցնեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Էջմիածնում օծված նոր դրոշի ներքո:
Զորահանդեսը կցուցադրի անկախության 20 տարիների ընթացքում հայկական բանակի նվաճումները:
Հայկական բանակը համարվում է տարածաշրջանի ամենամարտունակներից մեկը: -0-