ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հաստատակամ է բարեփոխումների ճանապարհը շարունակել ԵՄ-ի աջակցությամբ, փորձի կիրառմամբ և խորհուրդներով, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Այս քսան տարիների ընթացքում Հայաստանի պետականության ամրապնդմանը զուգահեռ զարգացել են նաև մեր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ: Վերջին տարիներին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը կրել է շատ ավելի հաստատուն բնույթ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ Հայաստանը որդեգրել է եվրոպական ընտանիքի արժեհամակարգի վրա հիմնված պետականաշինության ուղին, և այդ առումով սերտ համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ մեծ նշանակություն ունի Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին:
Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի համար Եվրամիությունը ոչ միայն կարևոր գործընկեր է արտաքին քաղաքականության և առևտրատնտեսական բնագավառներում, այլ նաև՝ ներքին բարեփոխումների իրականացմանն ուղղված համագործակցության շրջանակներում:
Ըստ նախագահի՝ հանդիպմանը երկուստեք կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը, համագործակցության խթանմանն ու բարեկեցությանը:
Լիբոր Ռուչեկը շնորհավորել է նախագահին ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ և նշել, որ անցած քսան տարիների ընթացքում Հայաստանի առաջընթացը նկատելի է:
Նա հավելել է, որ այդ գործընթացը տևական է, և կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները, ունենալ զարգացած ժողովրդավարություն և բարեկեցություն:
Միաժամանակ նա կարևորել է իրականացվող բարեփոխումներն ու վստահեցրել, որ եվրաինտեգրման ճանապարահին Հայաստանն այսուհետ էլ կստանա անհրաժեշտ աջակցություն: -0-